19/03/2014 11:00
ԱԱԾ. Կեղծ օգտատերերի կողմից ԱԱԾ անունից վիրուսային ծրագրեր են տարածվում
Հանցավոր նպատակներ հետապնդող անհայտ անձանց կողմից, վերջերս հաճախակի է դարձել էլեկտրոնային փոստի հայկական օգտատերերին ՀՀ պետական մարմինների, այդ թվում ԱԱԾ անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածումը:
ԱԱԾ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է.
«Այդ նամակներում առաջարկվում է ներբեռնել և համակարգչում տեղադրել իբր անվտանգության մակարդակը բարձրացնող ծրագրեր, որոնք փաստացի պարունակում են վիրուսներ:
Համակարգչում համապատասխան հակավիրուսային ծրագրեր չունենալու դեպքում, նմանատիպ վնասաբեր ծրագրերը իրական վտանգ են պարունակում համակարգչի պաշտպանվածության մակարդակը թուլացնելու և նրանում առկա տեղեկատվությանը ապօրինի տիրանալու համար:
ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված արագ արձագանքման միջոցառումների արդյունքում ժամանակին կանխվել են նշված վիրուսակիր նամակների տարածման դեպքերը:
ՀՀ ԱԱԾ տեղեկացնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, պետական մարմինները նմանատիպ առաջարկներով նամակներ չեն տարածում և ցանցում դրանց առկայությունը կրում է կեղծ ու վտանգավոր բնույթ, ինչից ելնելով էլեկտրոնային փոստարկղերի օգտատերերին առաջարկվում է նմանատիպ նամակներ ստանալու դեպքում ոչնչացնել դրանք»: