19/03/2014 14:13
«Դեմ եմ»-ը՝ վարչապետին. Երկխոսելու մասին հստակ հաղորդագրություն չենք ստացել
«Դեմ եմ» նախաձեռնությունը պատասխանել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ երկխոսության գնալու վերաբերյալ այսօր արված առաջարկին: «Դեմ եմ»-ի տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
««Դեմ եմ»-ը միշտ կարևորել ու արժևորել է երկխոսության գնալը: Մենք դա ապացուցել ենք մեր պահվածքով՝ մինչ ՍԴ-ի գործընթաց սկսելը, նամակների շարք տարբեր ատյանների, այդ թվում՝ վարչապետին, հանդիպումներ, մեր խնդրանքով ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների կողմից ԱԺ արտահերթ նիստի հրավիրում, որը բոյկոտվեց մեծամասնության կողմից:
Այնուամենայնիվ, ողջունելով վարչապետի երկխոսության առաջարկը, հաստատակամ ենք, որ մեր պայքարը շարունակվելու է այնքան, մինչև իսպառ վերացվի օրենքից պարտադիր բաղադրիչը՝ անկախ նրանից՝ դա կլինի ՍԴ-ի որոշմամբ, թե առանց դրա, քանի որ օրենքը բացի իրավական հարթությունից նաև սոցիալական հարթության մեջ է, ինչը ոչ պակաս կարևոր է: Այն հակասոցիալական ու անմարդկային է:
Երբ կլինի հստակ հաղորդագրություն այն մասին, որ կա պատրաստակամություն պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու, և կա ցանկություն երկխոսության օրենքի նոր տարբերակի շուրջ առանց պարտադիր բաղադրիչի, մենք պատրաստ կլինենք գնալ երկխոսության՝ նշելով, որ ողջ հանրությունը պիտի այդ լայն քննարկման որոշման կայացման մասնակիցը լինի: Իսկ «Դ!ԵՄ ԵՄ»-ը, լինելով հանրության մի մասը, ևս իր ներդրումը կփորձի ունենալ հանուն ՀՀ քաղաքացու բարօրության մշակվող իրական բարեփոխման գործում:
Այս պահին մենք նման հաղորդագրություն վարչապետի կողմից չունենք: Հարգանքով, «Դեմ եմ» թիմ»:
Նախորդող հրապաարկում՝ Վարչապետը «Դեմ եմ» շարժմանը երկխոսության կոչ արեց