19/03/2014 09:25
«Ժառանգությունը» կլքի «հրաշալի քառյակը»
Մարտի 14-ն կայացած «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարների հանդիպումից հետո ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իրեն հատուկ ոճով այդպես էլ Ծառուկյանի առաջադրած կոնկրետ հարցերին չի պատասխանել։ Միայն ասել է, թե վարչապետին անվստահություն հայտնելով խնդիրը չի լուծվի։ Թերթին լուրեր են հասել, որ հնարավոր է առաջիկայում «Ժառանգություն»-ն ընդհանրապես հրաժարվի ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ միասնական պայքարի դուրս գալ:
«Ժողովուրդի» թղթակիցը փորձել է «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից մեկնաբանություն ստանալ այս կապակցությամբ: «Մենք հանդիպման մասին արդեն հաղորդագրություն ենք տարածել»,- ասել է Հ. Խուրշուդյանը:
Իսկ «Հրապարակ» օրաթերթը «Կոնկրետություն պահանջող «Ժառանգությունում» կոնկրետություն չկա» վերնագրի ներքո անդրադարձել է Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպմանն ու գրել, թե «Ժառանգություն» կուսակցությունը ողբալի վիճակում է հայտնվել` այստեղ 5 հոգով 7 երգ են երգում և այդպես էլ չեն կողմնորոշվում քառյակի գործունեության հետ կապված: «Հրապարակ»-ի հարցին` Սերժ Սարգսյանի իշխանափոխության հարցի ներառումը որոշի՞չ է քառյակի հետագա համագործակցության համար, այսինքն` եթե քառյակի օրակարգում միայն կառավարության անվստահության հարցը բարձրացվի, «Ժառանգությունը» կմասնակցի՞ գործընթացին, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Միանշանակ կարող եմ ասել, որ «Ժառանգության» օրակարգում դրված է արմատական իշխանափոխությունը և բարեփոխումների խնդիրը: Ինչ վերաբերում է համագործակցության հետ կապված հարցերին, ապա քանին որ այս պահին քննարկումներ են գնում, չեմ փորձի որևէ բան կանխորոշել կամ չկանխորոշել»:
Հարցին` ճի՞շտ է լուրը, որ Ր. Հովհաննիսյանը մինչ ուրբաթ Ծառուկյանից բացասական պատասխան է սպասում և բացասական պատասխանի դեպքում կլքի քառյակը, Ա. Մարտիրոսյանը պատասխանել է. «Ես որևէ լիազորություն չունեմ որևէ լուրի մասին տեսակետ հայտնել, քանի դեռ այն քննարկումների փուլում է գտնվում»: