20/03/2014 19:30
ՏԿՆ. Կարբի և Օհանավան գյուղերի մոտ առայժմ ՀԷԿ չի կառուցվի
Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան համայնքների բնակիչների հետ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մարտի 19-ին կայացած հանդիպման արդյունքները նույն օրը զեկուցվել են ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին:
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ այսօր համայնքների բնակիչների հետ հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և տեղեկացրել, որ կառավարությունը խրախուսելու է համայնքային զարգացման միայն այն ծրագրերը, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում խոչընդոտներ չեն ստեղծում, ուստի, հաշվի առնելով ծրագրի արդյունավետության վերաբերյալ բնակիչների մտահոգությունները, որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները: Բնակիչներին առաջարկվել է առանց որևէ անհանգստության ձեռնամուխ լինել նախատեսված գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը:
Միաժամանակ ՀՀ Նախագահը փոխվարչապետին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ իրականացնել տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ` ոռոգման համակարգին առնչվող մտահոգությունները համապարփակ կերպով քննարկելու և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան լուծումներ առաջարկելու համար:
Ա. Գևորգյանն առաջիկա օրերին հանդիպումներ կունենա համայնքների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Կարբի և Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից բացահայտված խնդիրները, ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև կստեղծվի հանձնաժողով` Ապարանի ջրամբարի ջրային ռեսուրսների կառավարման ընթացակարգերն ուսումնասիրելու և, հնարավորության դեպքում, դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար: Այս ամսին հայտնում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախորդող հրապարակումներ՝ ՀԷԿ-ի դեմ պայքարող գյուղացիները քարերով փակել են Աշտարակ-Երևան մայրուղին
Արմեն Գևորգյանը չի պատրաստվում հանդիպել Արագածոտնի մարզի գյուղացիներին
ՏԿ նախարարի և ՀԷԿ-ի դեմ բողոքող գյուղացիների հանդիպում այսօր նախատեսված չէր