21/03/2014 09:25
Ֆինանսների նախարարը Մոսկվայում կծախսի 2 մլն դրամ
«Ժամանակը» գրում է. «Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երեկ երկօրյա այցով մեկնել է Մոսկվա: Նրա այցը վարչապետի որոշմամբ գնահատվել է 2 մլն դրամ՝ մոտ 5 հազար դոլար: Թե Դավիթ Սարգսյանը 5 հազար դոլարը Մոսկվայում ինչպես է ծախսելու՝ հայտնի չէ, սակայն անհավանական է, որ 2-օրյա գործուղման ծախսերը 5 հազար դոլար արժենան:
Տևական ժամանակ է, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է շռայլության հարկ սահմանելու անհրաժեշտության մասին: Թերևս, անտեղի չի լինի, եթե կառավարությունը շռայլության հարկ գանձի պաշտոնյաների գործուղումներից: Ըստ կառավարության՝ ֆինանսների նախարարը մարտի 20-21-ը Մոսկվա է գործուղվել պաշտոնական այցով՝ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՌԴ-ից պետական ֆինանսական վարկերի ներգրավման պայմանների շուրջ խորհրդակցություններին մասնակցելու նպատակով»: