21/03/2014 18:11
Սերժ Սարգսյանը՝ Ելենա Ֆետիսովայի՝ ՀՀ պետական մրցանակից հրաժարվելու մասին
Ինչպես հայտնել էինք այսօր հայտնի դարձավ, որ «Փարաջանով» ֆիլմի ուկրաինացի համառեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր Ելենա Ֆետիսովան հրաժարվում է ընդունել իր և ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի հեղինակած ֆիլմին շնորհվելիք պետական մրցամակը: Ֆետիսովան իր այս որոշումը մեկնաբանել էր Ղրիմի հանրաքվեի հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշմամբ:
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ՝ անդրադառնալով այս հարցին, Նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ Ֆետիսովայի մրցանակը գործընկերների միջոցով կփոխանցվի նրան, իսկ գումարը, որը պետք է հատկացվեր ռեժիսորին, նրա իսկ ցանկությամբ կուղղվի բարեգործության: Նախագահը հավելեց նաև, որ այդ գումարը կկրկնապատկվի:
«Ես այսօր առավոտյան եմ ստացել Ելենա Ֆետիսովայի նամակը, որտեղ նա շարադրել է Երևան չգալու հանգամանքները: Ես ուզում եմ դիմել նրան և ուկրաինացի ժողովրդին: Մենք եղբայրական ժողովուրդներ ենք ու դրա մասին հազարավոր փաստեր են վկայում, մենք դարեր շարունակ միասին ենք պայքարել զավթիչների դեմ: Այսօր այնպես է պատահում, որ տարբեր երևույթներ տարըմբռնումների տեղիք են տալիս, բայց ժամանակի մեծությունը նրանում է, որ ամեն ինչ ժամանակի ընթացքում իր տեղն է ընկնում: Ես խնդրում եմ մրցանակը փոխանցել տիկին Ֆետիսովային»,-ասաց Նախագահը: