22/03/2014 13:18
Գագիկ Մակարյան. Պետք է դանդաղեցնել Մաքսային միություն մտնելու գործընթացը
Միացյալ Նահանգներն ամեն ինչ անելու է Մաքսային միությունը թուլացնելու համար և ՄՄ մտնելու գործընթացը պետք է դանդաղեցնել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան կշարունակեն ճնշումները Ռուսաստանի վրա այնքան ժամանակ, մինչև որ ՌԴ տնտեսությունը թուլանա, կամ էլ այնտեղ դեմոկրատական շարժումներ սկսվեն, իսկ տնտեսության թուլացումը կանդրադառնա նաև Հայաստանի վրա և աղքատության տոկոսը կբարձրանա:
Գ. Մակարյանի խոսքով՝ ԱՄՆ-ի հարցում ճիշտ քայլեր է կատարել Իրանը, և Հայաստանի իշխանությունները պետք է լուրջ վերաբերվեն Իրանին, քանի որ այն կարող է ՌԴ-ին և Թուրքիային հակակշիռ լինել:
Գ. Մակարյանը նշեց, որ ՌԴ իշխանությունների քայլերից երևում է, որ նրանք առանձնապես շահագրգառված չեն Հայաստանի տնտեսության զարգացման հարցում:
«Ռուսաստանի ձեռնարկած բոլոր խոշոր նախագծերը՝ գազ, «Մարս» գործարան, երկաթգիծ, իրենց արդյունավետությամբ աչքի չեն ընկնում: Երկաթգծի նման հսկայական համակարգում անհասկանալի փողեր են ծախսվում, բայց գնացքները շարժվում են 18-րդ դարի ցուցանիշներով՝ ձիու արագությամբ: Էլեկտրացանցերը ևս կորուստներով ու վնասներով են աշխատում՝ ցածր որակի էլեկտրականությամբ ու զիջելով միջազգային ստանդարտներին, իսկ գազը առավելագույն գներով է վաճառվում Հայաստանին»,-ասաց նա: