22/03/2014 15:30
Րաֆֆի Հովհաննիսյան. «Դեմ եմ»-ը վերափոխման շեմին է` մտածեք
Գործի անցնելու ժամն է: Այս խոսքերով այսօր Ազատության հրապարակում «Դեմ եմ»-ի հավաքի ժամանակ իր ելույթը սկսեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը.
«Ազատմարտիկներ, ուսանողների, երիտասարդներ, գյուղն ու քաղաքը միասին պետք է վեր կանգնեն ինքնագովեստից ու հասկանան, որ ժողովուրդը երկրի մի ծայրից մյուսը պահանջում է մի բան` այո, դեմ ենք պարտադիրին, որովհետև կողմ ենք ազատ ու ինքնիշխան Հայաստանին ու սահմանադրական հեղափոխության` իշխանությունը ժողովրդին վերադարձնելու նպատակով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ամենահեշտ բանը մեկը մյուսին քննադատելն է: Եթե ձեզ պետք է քննադատության թիրախ` այստեղ կանգնած եմ, խնդիր չկա, բայց այսօր պահն է, որ ոչ իշխանական բոլոր կուսակցությունները խորհրդարանում ու դրանից դուրս, քաղաքացիական ուժերը, ազատամարտիկները գիտակցեն, որ խոսքով հարց չի լուծվի, գործել է պետք, իսկ գործելու համար պետք է այս երիտասարդությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` շարունակելով.
««Դեմ եմ» շարժումը հիմա վերափոխման շեմին: Ինչ էլ որոշի ՍԴ-ն` մենք պիտի պատրաստ լինենք, բոլոր պաստառները վայր դնել ու պահել մեր եռագույնը: Միանում եմ այս երիտասարդներին, ովքեր ազատամարտիկների ու մյուսների հետ միասին մերան են դարձել: Ու հիմա ասում եմ` նրանք, ովքեր հեքիաթներով են առաջնորդվել, պիտի վայր դնեն այդ հեքիաթներն ու առաջ շարժվեն այս երիտասարդների ուժով: Վաղը «Դեմ եմ»-ը դառնալու է «Կողմ եմ», քանի որ այս շարժումն իրավունք չունի մարելու: Կներեք, եթե սահմանն անցա` տղաներ ու աղջիկներ` քննարկեք, ծանր ու թեթև արեք, ավելի լավ, քան մենք արեցինք ժամանակին ու հասկացեք, որ բոլորը պիտի ներառվեն այս պայքարի մեջ որպես հավասարներ: Պիտի միասնական հրապարակ ստեղծենք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր ելույթն ավարտեց «Ես կողմ եմ» խոսքերով:
Նախորդող հրապարակումներ` Նիկոլ Փաշինյան. Իշխանավորները փո՞ղ են ուզում, թող դիմեն օլիգարխներին
ԲՀԿ-ական պատգամավոր. Վարչապետն ուզու՞մ է բանակցել` թող գա հրապարակ