24/03/2014 10:33
Ասադը Արամ Ա. Կաթողիկոսին խոստացել է Քեսաբի խաղաղության համար ամեն բան անել
Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա ուրբաթ թուրքական սահմանի կողմից սկսված հարձակումից հետո Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կապվել է հաստատել Հալեպի, Լաթաքիայի, Դամասկոսի և Լիբանանի հոգևոր, համայնքային և քաղաքական պատասխանատուների հետ և խորհրդակցություններ անցկացնել։
Վեհափառին այցելել է Լիբանանում Սիրիայի դեսպանը և հայտնել, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իրեն հանձնարարել է անմիջապես այցելել Վեհափառ հայրապետին և վստահեցնել, որ սիրիական պետությունն ու բանակն անելու են հնարավորը՝ շրջանում խաղաղության վերահաստատման համար։
Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում դեսպանը հայտնել է, որ իրենց ունեցած հստակ տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան ոչ միայն քաջալերել է զինյալների մուտքը Քեսաբ, այլև նրանց տրամադրել է ծանր զենքեր և դյուրացրել է նրանց առաջխաղացումը։
Դեսպանը նշել է, որ թեև Սիրիայի բանակը զոհեր է տվել, սակայն կարողացել է զգալի չափով հետ մղել զինյալների թափանցումը։ Դեսպանն ասել է, որ Սիրիայի նախագահն ու պետությունը խոր հարգանք ունեն հայ ժողովրդի հանդեպ և սիրիահպատակ հայերին համարում է սիրիական հայրենիքի հավատարիմ քաղաքացիներ ու նրանց պաշտպանությունը պետության պարտականությունն է։
Նա նաև նշել է, որ Քեսաբը ռազմավարական նշանակություն ունի Սիրիական բանակի համար, ապա ավելացրել, որ բանակը ժամանակավորապես հայությանը փոխադրել է Լաթաքիա՝ անվտանգության նկատառումներով։
Խոսելով Քեսաբի մասին՝ Արամ. Ա-ն նշել է, որ այն խորհրդանշական իմաստ ունի ողջ հայ ժողովրդի համար։
Ավելի ուշ վեհափառը հոգևորականներից բաղկացած մի պատվիրակություն է ուղարկել Լաթաքիա։
Երեկ կեսօրին Լիբանանում Սիրիայի դեսպանը պատգամավոր Հակոբ Բագրատունու միջոցով Արամ Ա.-ին հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը վերահաստատել է իր հանձնառությունը՝ Քեսաբում շուտով անվտանգությունը վերահաստատելու համար, միաժամանակ հայտնել է, որ ինքը պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Վեհափառ հայրապետի հետ։
Այս մասին տեղեկացնում է Բերիո լուրերի Facebook-յան էջը։