24/03/2014 19:53
Մեկնարկել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը
ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հավաքի նպատակներն են` բարձրացնել և կատարելագործել օպերատիվ շտաբերի սպաների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի բնագավառներում, ՀՀ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների և նրանց կողմից ընթերցվող դասախոսությունների միջոցով ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությանը, պաշտոնատար անձանց մոտ ձևավորել միասնական պատկերացումներ զորքերը մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերելու և հիմնավորված որոշումներ ընդունելու վերաբերյալ:
Հավաքի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանը և Արա Նազարյանը: Դասախոսությունները վերաբերել են տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանը, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներին, ռազմավարական զարգացման խնդիրներին:
Օպերատիվ հավաքը կշարունակվի մինչև մարտի 27-ը: