24/03/2014 14:34
«Հարսնաքարի գործով» մեղադրյալները դատապարտվեցին 12 տարի ազատազրկման
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Հարսնաքարի» գործով դատավճիռը:
Դատարանը Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի:
Վճռի հրապարակումից հետո դատարանում իրարանցում սկսվեց: Ամբաստանյալների հարազատները սկսեցին հայհոյել դատարանին ու լրագրողներին, նրանցից մի քանիսը հեռացվեցին դահլիճից:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ, որոնցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:
Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Մեղադրող կողմի փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը քաղաքացիական հայց ներկայացրեցին գործով ամբաստանյալների և «Հարսնաքար» ռեստորոնային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի դեմ՝ պահանջելով, ընդհանուրը շուրջ 297 մլն դրամի փոխհատուցում։
Նախորդող հրապարակում՝ «Հարսնաքարի գործ». Տուժող կողմը 297 մլն դրամի փոխհատուցում է պահանջում
«Հարսնաքար». Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը