27/03/2014 12:02
«Հայաստանը չի հրաժարվում Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումից»
Այսօր գործադիրը հավանություն տվեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմեց նախագիծը ներկայացնող էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, նշելով, որ ԶԼՄ-ներում տեղեկատվություն է շրջանառվում, որ Հայաստանը հրաժարվում է Ատոմակայանի նոր էներգաբլոկի ծրագրից:
Մովսիսյանը պատասխանեց, որ Հայաստանը չի հրաժարվում նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներից, պարզապես, կապված տնտեսական ճգնաժամի և մի շարք այլ աշխարհաքաղաքական գործոնների հետ` ֆինանսավորումը ուշացել է, այժմ այս ուղղությամբ ակտիվանում են, որպեսզի նոր միջուկային կայանը կառուցվի:
Ըստ Ա. Մովսիսյանի՝ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը նախտեսվում է առաջիկա 15 տարիներին, իսկ կառուցելու է «Ռոսատոմը»: