28/03/2014 12:55
Օմբուդսմենի հայտարարությունը` «Հարսնաքարի գործով» միջադեպի կապակցությամբ
Հայաստանի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Օրերս Կարեն Անդրեասյանին էր դիմել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը՝ հայտնելով մարտի 24-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վահե Ավետյանի մահվան վերաբերյալ քրեական գործով դատավճռի հրապարակման ժամանակ և դրանից հետո իր հասցեին հնչած անհարգալից և սպառնալից խոսքերի վերաբերյալ: Ցավալի է, որ այդպիսի դեպքերը եզակի բնույթ չեն կրում: Վերջերս, Լյուքս Ստեփանյանի մահվան վերաբերյալ գործին մասնակցող փաստաբանի հետ ևս տեղի է ունեցել նմանատիպ միջադեպ:
Մարդու իրավունքների պաշտպանն իր խիստ մտահոգությունն է հայտնում դատարանի դահլիճներում նիստերը լուսաբանող լրագրողների, ինչպես նաև դատական գործերին մասնակցող փաստաբանների նկատմամբ սպառնալիքների, վիրավորանքների կապակցությամբ:
Դատական նիստերի դահլիճում մարդկանց հրապարակայնորեն վիրավորելն ու սպառնալն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է հենց դատարանի նկատմամբ, ինչի համար նախատեսված է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն:
Դատական նիստերին լրագրողների, փաստաբանների և այլ անձանց մասնակցությունը մրցակցային դատավարության, գործերի քննության հրապարակայնության կարևորագույն սկզբունքների տարրն է: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ճնշումների ցանկացած դրսևորում և ակնկալում է թե՛ ոստիկանության և թե՛ դատական կարգադրիչների ծառայության առավելագույն զգոնությունն ու պատրաստակամությունը»,- ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ: