31/03/2014 16:15
Արծվիկ Մինասյանի ամփոփիչ ելույթը ՍԴ-ում. Պատասխանողը, ըստ էության, չառարկեց
Սահմանադրական դատարանում «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի սահմանադրականության հարցի քննարկման շրջանակներում շարունակվում են դիմող կողմի ամփոփիչ ելույթները: Դիմող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ իրենց կողմից բարձրացված շատ հարցեր ըստ էության առարկության չենթարկվեցին.
««Մեր կարծիքով» ասվածը չենք ընդունում որպես հակափաստարկ և մենք պահպանում ենք մեր պնդումները»,-ասաց նա՝ հավելելով, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր, պատասխանող կողմից հնչած շատ դիտարկումներ ապացուցում են որ դիմող կողմի պնդումները ճիշտ են:
Արծվիկ Մինասյանն անդարադարձավ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանի այն դիտարկմանը, որը վերաբերում էր սոցիալական ապահովության ապահովագրության համակարգերին:
«Ըստ նախարարի, եթե տեղի է ունեցել սոցիալական ապահովության համակարգի հիմնարար փոփոխություն, ապա ապահովագրական վճարը պետք է գնա պետբյուջե և դա այլևս ապահովագրություն չէ: Պետք է նշեմ, որ ապահովագրությունը այլ սխեմաներից տարբերբվում է նրանով, որ այդտեղ կա մասնակցային գործոն, և այստեղ անհրաժեշտ պայման է անձի աշխատելը, հետևաբար, եթե գումարը գանձվում է մարդկանցից, ովքեր աշխատում են, ապա սա նույնպես ապահովագրություն է, իսկ ապահովագրության պատասխանատուն պետությունն է: Այս համակարգերի հարկման և գանձման բազաները պետք է լինեն տարբեր: Եթե նայեք եկամտահարկի բազան, ապա կտեսնենք տարբերությունը, այս երկուսը միացնելով տեխնիկական հարց չի լուծվել, ինչպես ներկայացնում է նախարարը: Միասնական եկամտային հարկի գաղափարը փոխել է ամբողջ փիլիսոփայությունը և երկրին սոցիալական փաստի առաջ է կանգնեցրել»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի այսօր հնչեցրած դիտարկումներին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ Կենտրոնական բանկը ոչ միայն Սահմանադրությամբ սահմանված իր լիազորություններից է դուրս եկել ու չի ներկայացրել հիմնավոր ծրագիր, այլ նաև փորձում է հայտարարություններով ապացուցել, որ այս համակարգը կայուն է:
«Բազմաթիվ տնտեսագետներ, նաև միջազգային ֆինանասական շուկայից, գտնում են, որ ԿԲ հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է, ինչը նաև մեր Սահմանադրությամբ է ամրագրված: Գների կայունության ապահովումը հակասության մեջ է ֆինանասական համակարգի կարգավորման հետ, իսկ կուտակային համակարգի ներդրումը նվազեցնում է պետության պարտավորությունները և այո, եթե հակասություն առաջանա, ԿԲ-ն պետք է գների կայունություն ապահովի, հետևաբար կենսաթոշակառուների բարեկեցիկ ծերությունը վտանգվում է»,-ասաց Մինասյանը՝ շարունակելով.
«Հնչեց տեսակետ, թե 2010 թվականից գործում է կամավոր համակարգը: Սա իրականությանը չի համապատասխանում, որովհետև վերջին ակտը այս համակարգի հետ կապված ընդունվել է 2013 թվականին: Եվ պատահական չէ, որ նման ֆոնդը առաջին անգամ գրանցել է 2013-ի առաջին կիսամյակում և 4 ամսում սպասել ինչ-որ բանի, իրատեսական չէ:
Կենտրոնական բանկի փոխնախագահը պնդում է, որ չի լինի մասնավորեցում, բայց մենք պնդում ենք, որ լինելու է մասնակի մասնավորեցում, ու որքան էլ փորձեն այլ կերպ ներկայացնել, մնում է պնդումը, որ այս համակարգը փորձ է հարաբերությունները տեղափոխել մասնավորի և քաղաքացու միջև»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Նախորդող հրապարակում` ՍԴ-ում սկսվել են դիմող կողմի ամփոփիչ ելույթները
ՍԴ անդամը՝ նախարարին. Դու 40 տարի առաջ ինձ ասում ես՝ «չէ»
Երիցյանը՝ Մինասյանին. Դուք թյուրիմացության մեջ եք գցում. Սննկացած ֆոնդ չկա
ԿԲ-ն պատասխանում է ՍԴ հարցերին. Ի վերջո, Չիլիի մոդելից ի՞նչն է վերցրել ՀՀ-ն
ՍԴ-ում շարունակվում է կուտակայինի սահմանադրականության հարցի քննությունը