01/04/2014 09:38
Առատ ձյան մասին հիդրոմետը չէր զգուշացրել
ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանից «Հայկական Ժամանակի» թղթակիցը հետաքրքրվել է՝ հիդրոմետի աշխատակիցների համար անսպասելի՞ էր նախորդ օրերի տեղումների նման քանակությունն ու սառնամանիքը: «Եթե անսպասելի լիներ, մարտի 28-ին ասուլիս չէի տա»,- հարցից զարմացած պատասխանել է նա:
Բանն այն է, որ մարտի 28-ի ասուլիսում Սուրենյանը հայտարարել է, որ հանրապետության զգալի մասում սպասվում է ձյուն ու ձնախառն անձրև, իսկ մարտի լույս 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը օդում կլինի մինչև 4 աստիճան ցուրտ, իսկ գետնի մակերևույթին՝ -5: Բայց արձանագրվեց նաև կարկուտ, ձյունը առատ էր, ինչի մասին հիդրոմետը չէր զգուշացրել, իսկ ահա սառնամանիքը կանխատեսվածից էլ սաստիկ էր:
Թերթի թղթակցի այս դիտարկմանը Սուրենյանը պատասխանել է. «Կարկուտը, այո, չէինք կանխատեսել: Ձյան մասին ասել եմ: Չեմ նշել՝ կամաց է գալու, առատ է գալու, բայց ձյան սպասում էինք: Իսկ ջերմաստիճանի սխալանքը 1-2 աստիճանով կլիներ, թե ավելին, խոսքն այն շեմի մասին է, որ տարբերություն չկա՝ -4 կլինի, ինչպես սպասում էինք, թե -7, ցրտահարություն լինելու էր, և ինչի համար մեծ ցավ ենք ապրում»,-ասել է նա: