01/04/2014 15:01
Արցախից Քեսաբ մեկնելու համար 150 հոգի ցուցակագրվել է. Galatv.am
ԼՂՀ պատգամավոր, դաշտային հրամանատար և ազատամարտիկ Վահան Բադասյանի կոչին Արցախից արձագանքել է շուրջ 150 հոգի: Նրանց ցանկությունն է մեկնել Քեսաբ, ավելի շուտ՝ Լաթաքիա, որտեղ ապաստանում են Քեսաբից գաղթած հայերը: Այս մասին հայտնում է Galatv.am-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավորը դիմել էր արցախահայությանը՝ ջոկատներ ստեղծելու և Արցախ մեկնելու կոչով:
Բադասյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ իհարկե հնարավոր չէ այդքան մեծ խմբով մեկնել, քանի որ ֆինանսական դժվարություններ կան, բայց ավելի փոքր մասշտաբով խումբ անպայման մոտ օրերս կմեկնի Սիրիա:
«Ես առայժմ նպատակահարմար չեմ համարում հրապարակել անուններ և ժամկետներ, բայց շուտով դուք կիմանաք, թե ովքեր են մեկնում Սիրիա»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ բոլոր պատերազմական փորձ ունեցող արցախահայերը ցուցակագրվել են:
Մեր այն հարցին, թե ինչ նպատակով եք մեկնում Սիրիա՝ տեղում խնդիրներին ծանոթանալո՞ւ և հայերին աջակցություն ցուցաբերելո՞ւ համար, ինչպես դա արեցին Լաթաքիա մեկնած ԱԺ պատգամավորները, Վահան Բադասյանը պատասխանեց.
«Զարգացած տեխնիկայի դարում խնդիրներին կարելի է նաև հեռախոսով կամ սոցցանցերով ծանոթանալ, շատ լավ հաղորդակցվել… եթե ծանոթանալու լինեինք, հենց այստեղից էլ կծանոթանայինք: Առայժմ շատ բան ասել չեմ կարող, բայց ասեմ, որ մեր այցը օգտակար լինի հայ համայնքի համար… թող նրանք իմանան, որ հայերը մենակ չեն եւ անտեր չեն»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: