07/04/2014 16:17
«Դեմ եմ»-ն ապրիլի 9-ին երթ կկազմակերպի
Ապրիլի 9-ին, ժամը 12:30-ին «Դեմ եմ» նախաձեռնությունը հավաքվելու է ՀՀ ֆինանսների նախարարության մոտ և շարժվելու դեպի ՀՀ Պետական եկամուտների կոմիտե՝ «պաշտպանելու մեր սահմանադրական իրավունքները»: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության կայքից:
«Սահմանադրական դատարանի ապրիլի 2 թիվ ՍԴՈ-1142 որոշման հրապարակումից հետո ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է էլեկտրոնային հաշվետվությունների ձևը անփոփոխ թողնել և դրանով պարտադրել գործատուներին փոխանցել կուտակային վճարները՝ սպառնալով ենթարկել վարչական պատասխանատվության:
Մենք պետք է ստիպենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի վերը նշված որոշման պահանջներին և անհապաղ համապատասխան փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձևում՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել:
Մեր հաղթական պայքարը շարունակվում է․․․ »,- ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակումներ` «Դեմ եմ» թիմի անդամներ. Վճարումներ մի՛ կատարեք, ձեզ փորձում են մոլորեցնել
Դեմ եմ. Մեր շարժումը չի մարել, մենք մեր գործողությունները շարունակելու ենք