07/04/2014 17:55
Սեյրան Օհանյանն այցելել է ՀՕՊ զորամասեր. Լուսանկարներ
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության մի քանի զորամասերում: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Սեյրան Օհանյանին ուղեկցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը հանդիպել է զորամասերի անձնակազմերի հետ, հետաքրքրվել զորամասերում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտով, զինծառայողների առօրյայով և սոցիալ-կենցաղային պայմաններով, ստուգել զինծառայողների մարտական պատրաստականությունը, առկա զինտեխնիկայի վիճակը, զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ:
Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է զորամասերի բարեկարգմանն ուղղված լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներին, եղել է զորանոցներում: Առանձնակի ուշադրության են արժանացել ստորաբաժանումներում օժանդակ կառույցների` զորանոցների, լսարանների, ճաշարանների, աշխատասենյակների կապիտալ նորոգման և նմանաբնույթ նոր շինությունների կառուցման աշխատանքները: Կառուցվող նոր շինություններն իրենց հնարավորություններով ու համալրվածությամբ եզակի են ամբողջ աշխարհի զինված ուժերում: Այս առումով Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրները մշտապես գտնվում են պաշտպանական գերատեսչության ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Կարևորելով հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների դերը երկրի խաղաղության պահպանման ու անվտանգության ապահովման գործում և պլանավորված աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարական կազմին։