09/04/2014 13:19
«Դեմ եմ»-ի երթը մեկնարկեց. «Մեզ տրվել է հաղթաթուղթ, պիտի օգտագործենք այն»
Քիչ առաջ ՀՀ Ֆինանսների նախարարության մոտից մեկնարկեց «Դեմ եմ» նախաձեռնության երթը:
«Դեմ եմ»-ի անդամ Հայկ Ավետիսյանը կոչ արեց ներկաներին երթը սկսել «անվավեր» կոչով, քանի որ Սահմանադրական դատարանը պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքն անվավեր է ճանաչել, բայց՝ չնայած դրան կուտակային վճարի գանձումները շարունակվում են:
«Մենք միշտ ասում էինք, որ թերություններ կան օրենքում, բայց իշխանությունները հրաժարվում էին քննարկել անգամ այդ թերությունները՝ ասելով, որ օրենքը մշակել են 10 տարի: ՍԴ-ի որոշումից հետո՝ «պարտադիր» բաղադրիչը ճանաչվեց հակասահմանադրական, մինչդեռ դրանից առաջ մեր իշխանոթյուններն ասում էին, որ ծիծաղելի է «պարտադիր» բաղադրիչը հանել օրենքից: Հիմա ասում եմ՝ մենք ծիծաղում ենք ձեզ վրա»,- ասաց «Դեմ եմ» թիմի ներկայացուցիչներից մեկը՝ ընդգծելով՝ հիմա իշխանությունը ժողովրդի դեմ փորձում է կիրառել հակասահմանադրական օրենք:
«Դեմ եմ»-ի անդամ Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ այսօր նրանց կարևորագույն պահանջն է՝ հաշվապահների կողմից ներկայացվող էլեկտրոնային հաշվետվությունների ձևի փոփոխությունը, քանի որ առանց դրա հաշվապահներն ուղղակի չեն հասկանում՝ ինչ անել.
«Հիմա իշխանությունները փորձում են այս հարցի կարգավորումը նորից թողնել գործատու-աշխատող հարաբերությունների վրա, բայց մենք համապատասխան կառույցներից պահանջում ենք փոխել ՊԵԿ-ին ներկայացվող հաշվետվությունների ձևը: Իմացեք՝ մենք գործատուների հետ համախմբված ենք ու շարունակելու ենք պաշտպանել իրար ու պայքարել միասին: Մենք թույլ չենք տալու, որ մեզ ընձեռնած իրավունքները ոտնահարվեն: Մենք չպիտի դադարեցնենք ճնշումները համապատասխան կառույցների վրա, որպեսզի նրանք սկսեն ծառայել ժողովրդին»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:
«Դեմ եմ»-ի մեկ այլ անդամ Դավիթ Մանուկյանն էլ նշեց, որ հիմա իրենց ՍԴ-ի կողմից տրվել է հաղթաթուղթ և հիմա նրանք պետք է կարողանան օգտագործել այն:
«Դեմ եմ»-ի անդամների կարճ ելույթներից հետո, երթի մասնակիցները պահանջեցին, որ ֆինանսների նախարարությունից իրենց մոտ իջնի իրավասու մեկը, ով կկարողանա պատասխանել՝ էլեկտրոնային հաշվետվությունների ձևի փոփոխության հետ կապված հարցին:
Նախորդող հրապարակում՝ «Դեմ եմ»-ն ապրիլի 9-ին երթ կկազմակերպի