09/04/2014 13:41
«Դեմ եմ»-ի մի քանի անդամներ մտան ֆինանսների նախարարություն
«Դեմ եմ» նախաձեռնության կողմից Ֆինանսների նախարարությանը տրված 10 րոպեն լրացավ, բայց հավաքվածների մոտ այդպես էլ ոչ մեկ չիջավ.
«Հիմա ես կմտնեմ նախարարություն, քանի որ անձամբ ունեմ նամակ, որը պիտի փոխանցեմ ֆիննախին: Ես ունեմ դրա իրավունքն ու անում եմ դա օրենքի ուժով»,- ասաց «Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանն ու պահանջեց, որ ոստիկանները ճանապարհ բացեն իր և բոլոր նրանց համար, ովքեր նամակ ունեն փոխանցելու նախարարություն:
Այս հայտարարությունից հետո ոստիկանները նախարարության մուտքի մոտ պատ կազմեցին և խոչընդոտեցին քաղաքացիների մուտքը շենք: Հավաքվածները կոչ արեցին բացել մուտքը, քանի որ նրանք օրենքով կարող են մտնել նախարարության շենք ու նամակ փոխանցել:
«Թույլ տվեք, որ գոնե ես ու մի քանի հոգի մտնենք ու փոխանցենք մեր նամակը»,- ոստիկանենրից պահանջեց Դավիթ Մանուկյանը, որից հետո նրան և «Դեմ եմ»-ի ևս մի քանի անդամի թույլ տվեցին մտնել Ֆինանսների նախարարություն:
Այս պահին իրավապաշտպան Մերի Խաչատրյանը պահանջում է, որ մյուս քաղաքացիներին էլ թույլ տան նամակ փոխանցել.
«Ամեն մեկն իր դիմում-նամակը անձամբ պիտի ներս տանի, որ դա լինի առավել արժանահավատ»,- ասաց իրավապաշտպանը, որից հետո ոստիկաններն, այնուամենայնիվ, չբացեցին շենքի մուտքը:
«Դեմ եմ»-ի անդամները պահանջում են, որ իրենց հետ հանդիպի նախարարի պաշտոնակատարը:
Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ»-ի երթը մեկնարկեց. «Մեզ տրվել է հաղթաթուղթ, պիտի օգտագործենք այն»
«Դեմ եմ»-ը Ֆիննախին 10 րոպե ժամանակ տվեց. «Չիջաք՝ մտնելու ենք ներս»