10/04/2014 16:56
Աղբյուր. Արսեն Խոջոյանն առողջական լուրջ խնդիրներ չունի
Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձված Արսեն Խոջոյանն առողջական լուրջ խնդիրներ չունի: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Իջևանի բժշկական կենտրոնի իր աղբյուրներից:
Մեր աղբյուրը հրաժարվեց պատասխանել՝ արդյոք արտաքին զննության արդյունքում երիտասարդի մարմնի վրա խոշտանգման հետքեր հայտնաբերվե՞լ են, թե՝ ոչ:
Aysor.am-ը խոսեց նաև Արսենի մոր՝ տիկին Սվետլանայի հետ, ով ասաց, որ որդուն դեռ չի տեսել.
«Փոխանակումից հետո նրան անմիջապես տարել են Իջևան, մենք հիմա նոր գնում ենք, որ տեսնենք»,- ասաց Արսեն Խոջոյանի մայրը:
Արսենի հարազատ Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանն էլ նշեց, որ իր տեղեկություններով՝ Արսենին հիմա Իջևանից բերում են Երևան.
«Միայն այն գիտեմ, որ առողջական լուրջ խնդիր իր մոտ չեն գտել»,- ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա Արսեն Խոջոյանը, ով այս տարվա մարտի 7-ին մոլորվելով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը:
Նախորդող հրապարկում՝ Արսեն Խոջոյանին վերադարձրեցին Հայաստան