10/04/2014 21:00
Արսեն Խոջոյան. Ընենց տեղեր էր, որ չէի եղել, տարածքը շփոթել էի
Այսօր ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած Արսեն Խոջոյանը բուժզննոում է անցել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Բժիշկները հաստատել են, որ Խոջոյանը խոշտանգումների չի ենթարկվել:
«Երակների վրա սրսկման տեղեր չկան: Մարմինը մաքուր է: Ադեկվատ պատասխանում է հարցերին, գիտակցությունը նորմալ է»,- լրագրողներին ասաց կենտրոնի անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:
«Չեն խոշտանգել, վատ վերաբերմունք չեն ցուցաբերել: Չէին հասկանում՝ ծառայող եմ, ծառայող չեմ: Հարցրել են՝ ասել եմ, որ չեմ ծառայում: Շփվում էինք ռուսերեն»,- լրագրողների հետ զրույցում պատմեց Խոջոյանն ու հավելեց, որ իրեն պահել են Բաքվի բանտերից մեկի մեկուսարանում: Արսենը մյուս գերիներին չի հանդիպել:
Արսեն Խոջոյանն ասաց, որ Ադրբեջանում գտնվելու ժամանակ, զգուշանալու պատճառով, հիմնականում հրաժարվել է սննդից, միայն թեյ է խմել, և հավելեց, որ ներարկում չեն արել իրեն:
Արսեն Խոջոյանը հաստատեց այն վարկածը, որ սահմանը հատել էր մառախուղի պատճառով, քանի որ սահմանի այդ հատվածում փշալարեր չեն եղել. «Ընենց տեղեր էր, որ չէի եղել, տարածքը շփոթել էի»:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա Արսեն Խոջոյանը, ով այս տարվա մարտի 7-ին մոլորվելով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը:
Նախորդող հրապարակում՝ Աղբյուր. Արսեն Խոջոյանն առողջական լուրջ խնդիրներ չունի