11/04/2014 18:15
Էկոնոմիկայի փոխնախարարը դժգո՞հ է ՏՏ ոլորտից. «Խոսք չկա ներդրումների մասին»
Այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների 14-րդ համագումարի ժամանակ ԻՏՁՄ գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը ներկայացրեց առաջիկա 5 տարիների ոլորտի ռազմավարությունը:
Համաժողովին ներկա ՀՀ էկոնոմիակայի փոխնախարար Կարինե Մինասյանը մի քանի դիտարկում կատարեց ոլորտի ռազմավարության շուրջ, որից հիմնականն այն էր, որ նախարարությունը չի մասնակցել ռազմավարության մշակմանը:
Ավելի ուշ Aysor.am-ի հետ զրույցում Կարինե Մինասյանն ասաց, որ ռազմավարության մեջ առկա է մեթոդաբանական խնդիր. «Չի կարելի կառավարությունը դիտարկել օբյեկտ, այլ պետք է դիտարկել սյուբյեկտ, որը ԻՏՁՄ-ի հետ ծրագիրը համատեղ է կատարում, ոչ թե թիրախ է»:
Ըստ փոխնախարարարի՝ ռազմավարության մեջ բացակայում էր հայկական սփյուռքը, որտեղ աշխատում են զգալի թվով ոլորտի մասնագետներ և որոնք կարող են նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը, մասնավորապես հիշեցրեց, որ «Մայքրոսոֆթի» փոխտնօրենը հայ է: Հարցին՝ կա՞ արդյոք էկոնոմիկայի նախարարության և ԻՏՁՄ-ի ծրագրերի տարբերություն, Կ. Մինասյանը փոխանցեց. «Մեր ծրագրերը մի քիչ ավելի ընդարձակ են»:
Ըստ նրա՝ նաև ՏՏ ռազմավարության մեջ ոչ մի խոսք չկա ոլորտի ներդրումների, նաև ներդրումների ներգրավման մասին, իսկ առանց ներդրումների ոլորտը դանդաղ է զարգանում:
Aysor-am-ին ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց, որ էկոնոմիկայի նախարարությանը հրավիրել են ռազմավարության քննարկումներին, սակայն ներկայացել է միայն վարչության պետը:
Դիտարկման առնչությամբ, էկոնոմիկայի փոխնախարարը նշեց, որ վարչության պետը երբեմն մասնակցել է դիտորդի կարգավիճակով, որը բավարար չէ. «Սովորաբար անձամբ մասնակցում եմ բոլոր ստրատեգիական խնդիրների քննարկումներին, պետք է բոլորս միասին նստենք քննարկենք, դա չեմ համարում բավարար քննարկում, երբ ստրատեգիական խնդիր է և քաղաքական լուծումներ պահանջող խնդիրներ են դրված»:
Նա առաջարկում է ռազմավարության քննարկումներին մասնակից դարձնել էկոնոմիկայի փոխնախարարներին, նաև՝ նախարարին:
Ըստ Կ. Մինասյանի՝ ռազմավարության մեջ հարցադրումներ կան, որոնք առնչվում են պետական քաղաքակնությանը, մասնավորապես կրթական համակարգում ոլորտին ուղղորդված փոփոխություններ, լաբորատորիաների ավելացում, միջավայրի ընդլայնում. «Այս խնդիրները լուծում է կառավարությունը, մենք ենք միջազգային կառույցներից միջոցներ բերում, և եթե կառավարության դերը չլիներ, նախագծերը առաջ չէին գնա: ՏՏ նախագծերը պահանջում են ֆինանսավորում, որոնք գալիս են կա՛մ կառավարությունից, կա՛մ պետության միջոցով` միջազգային կառույցներից, որի բանակցողը դարձյալ կառավարությունն է»:
Նշենք, որ ԻՏՁՄ համագումարի ժամանակ ներկայացված ռազմավարությունը դեռևս քննարկման փուլ է անցնելու` ֆոկուս խմբերում: