15/04/2014 09:56
Դավիթ Հարությունյանը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարա՞ր
Մինչև Ազգային ժողովի նոր նախագահի ընտրությունը ԱԺ նախագահի պարտականությունները կատարելու է ԱԺ առաջին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ նախագահի թեկնածուի հարցը իշխող մեծամասնությունը դեռ չի հստակեցրել:
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այդ թեման կքննարկեն կառավարության նոր կաբինետի ձևավորելուց հետո: Իսկ այդ ձևավորման հետևանքով որոշակի տեղաշարժեր են սպասվում նաև խորհրդարանում: Մասնավորապես, ինչպես տեղեկացրել էր թերթը, կառավարություն է տեղափոխվելու ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նրա նոր պաշտոնի շուրջ արդեն որոշակի հստակություն կա. խոսվում է, որ նա նշանակվելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Փոխարենը՝ խորհրդարանում պետաիրավական հանձնաժողովի նախագահ կդառնա ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Իսկ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը Դավիթ Հարությունյանի փոխարեն, ըստ ամենայնի, կգլխավորի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Համենայնդեպս, երեկ այսպիսին էին ԱԺ-ից ստացված վերջին նորությունները: Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանը, այդուամենայնիվ, կառավարություն չի գնա: Նա մնալու է ԱԺ-ում»,- գրել է թերթը: