15/04/2014 21:34
Փայլակ Հայրապետյան. Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը ինձ կուրախացնի
Այսօր Թբիլիսիի կենտրոնական դատարանը բավարարեց Աշոտ Սուքիասյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը: Այս մասին հայտնում է Hetq.am-ը:
Ըստ աղբյուրի՝ դատական նիստը տևեց 45 րոպե: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել գործարար Աշոտ Սուքիասյանը և խնդրել իրեն արագ տեղափոխել Երևան, քանի որ այս ընթացքում մահացել են նրա ծնողները, իսկ կնոջը ահաբեկող ու սպառնալիքներով լի հաղորդագրություններ են ուղարկում: Աշոտ Սուքիասյանի արտահանձնման օրը դեռևս հայտնի չէ:
Գործարար Փայլակ Հայրապետյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրեն դեռևս հստակ որևէ բան հայտնի չէ, սակայն այս լուրի` իրական լինելու դեպքում, դա իրեն կուրախացնի:
«Վարչապետն էլ թողեց գնաց, հիմա կուզենա, կգա հարցաքննության, կուզենա՝ չի գա: Նստած մտածում եմ՝ ես հայրենիքիս համար ինչ արեցի, որ 10 հազար աշխատատեղ ստեղծվի, բայց ինչ արդյունք ստացա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը ՀՀ Ինտրեպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, համագործակցելով Վրաստանի իրավապահների հետ, հունվարի 31-ին Թբիլիսի քաղաքում հայտնաբերել և ձերբակալել է Աշոտ Սուքիասյանին:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում միջազգային հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի Թբիլիսիում ձերբակալվելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն:
Նախորդող հրապարակում՝ Օֆշորի գործ. Փաստաբանը գաղտնի է պահում Սուքիասյանի հետ զրույցի մանրամասները
Օֆշորի գործ. Հայրապետյանին առերեսման չեն կանչել, բայց դա նրան չի մտահոգում
Օֆշորի գործ. Վարչապետի ստորագրությունը և նրա որևէ լիազորագիր առկա չէ