16/04/2014 11:59
Տարվա հաշտություն. Հայ-ավստրիական բիզնես վեճը լուծվել է հայկական դատարանում
«Աֆին Լիզինգ» ավստրիական խոշոր լիզինգային կազմակերպության և բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» հայկական ընկերության միջև 6 տարվա պատմություն ունեցող դատական վեճն ավարտվել է հաշտությամբ: Երեկ հայկական դատարանը հաստատել է «AM» իրավաբանական ընկերության կողմից պատրաստված հաշտության համաձայնագիրը:
«AM» իրավաբանական ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ «Աֆին Լիզինգ» ավստրիական կազմակերպությունը 2006 թվականից մատակարարել է IVECO մակնիշի ավտոմեքենաներ «Սպայկա» հայկական ընկերությանը: 2009 թվականից «Աֆին Լիզինգ» ընկերությունը փորձում էր ստանալ իր լիզինգային վճարները, որի նպատակով Հայաստանի դատարաններում քննվել է 3 դատական գործ: Այդ դատական գործերում մի շարք անհաջողություններից հետո Աֆին Լիզինգ ավստրիական կազմակերպությունը շուրջ մեկ տարի առաջ դիմել է «AM» իրավաբանական ընկերությանը:
Հայաստանի դատարաններում բարդ և հետևողական աշխատանքի արդյունքում «AM» ընկերության իրավաբանները կարողացել են իրենց օտարերկրյա վստահորդին վերադարձնել վերջինիս հասանելիք գումարները: «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանը նշել է. «Մեր երկարատև աշխատանքով ստացված հաշտության համաձայնության արդյունքում միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա ընկերությանը այսօր արդեն վճարված են բոլոր պարտքերը, իսկ հայկական ընկերությունը ազատվել է ֆինանսական լուրջ բեռից»:
Գործը վարել են «AM» ընկերության իրավախորհրդատուներ Ռոզա Ստեփանյանը և Գոհար Գևորգյանը: