18/04/2014 09:53
Գործող մաքսատուրքերի չափերը չփոխելու բանակցությունները հաջող չեն ընթանում
Հայաստան ներմուծվող ապրանքների վրա գործող մաքսատուրքերի դրույքաչափերը չփոխելու շուրջ Մաքսային Միության համապատասխան կառույցների հետ ընթացող բանակցությունները, «Հայկական Ժամանակի» տեղեկություններով, այնքան էլ հաջող չեն ընթանում։
Սկզբնական շրջանում Հայաստանը փորձում էր հասնել նրան, որ ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ավելի քան 900 ապրանքատեսակների ներկրման պարագայում մաքսային դրույքաչափերը չփոխվեն։ Հետագայում այդ ցանկը դարձավ 700, իսկ հիմա, մեր տեղեկություններով, Հայաստանը բանակցում է ընդամենը 400 ապրանքատեսակների մաքսատուրքերի շուրջ։
Թերթի աղբյուրները հայտնում են, որ եթե նույնիսկ ՄՄ-ն համաձայնի ՀՀ առաջարկի հետ ու չփոխի մաքսատուրքերը, ապա ՀՀ և ՄՄ միջև կդրվի մաքսային սահմանի նման մի բան, և Հայաստանից ՄՄ երկրներ արտահանվող ապրանքները խստագույնս կստուգվեն, որպեսզի մեր գործարարները չկարողանան երրորդ երկրներից ապրանքները ներմուծել ՄՄ հայկական ծագման ապրանքների անվան տակ: