21/04/2014 16:03
Արաբագետ. Եթե Ասադն առաջադրվի, հավանաբար, կվերընտրվի
Սիրիայում առաջիկայում սպասվող նախագահական ընտրություններին գործող նախագահ Բաշար Ալ Ասադը դեռևս չի առաջադրվել, բայց նրա առաջադրման դեպքում նա, հավանաբար, կվերընտրվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը:
Արաբագետի կարծիքով` Սիրիայի հայ համայնքի նախընտրած թեկնածուն ևս Ասադն է.
«Վերջին շրջանում կառավարական ուժերը բավականին լուրջ հաջողությունների են հասնում Սիրիայում: Մինչև ամսվա վերջ պետք է, որ ավարտվի քիմիական զենքի ոչնչացման գործընթացը: Այսօրվա դրությամբ արդեն ոչնչացվել է դրա 80%-ը»,- ասաց Հայկ Քոչարյանը, միաժամանակ նշելով, որ հայ համայնքի ներկայացուցիչների զգալի հատված էլ աջակցում է ոչ զինված ընդդիմությանը.
«Ամեն դեպքում հայ համայնքը փորձելու է պահպանել իր զգոնությունն ու աջակցել այն ուժին, որը հիմա իր անվտանգության երաշխավորն է, իսկ այդպիսին հիմա կառավարական ուժերն են»,- ասաց արաբագետը: