21/04/2014 11:05
«Մի ամբողջ ժողովուրդ է ոչնչացվել, իսկ դրա փաստը շարունակում են ժխտել»
Լոս Անջելոսում տեղի է ունենալու «Լռության հարցում կեղծություն. արդարությունն էլ է ցնցվում» խորագրով բեմադրություն, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:
Արդեն 6-րդ տարին է՝ արվեստագետները, հայ համայնքը և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները հավաքվում են միասին՝ հարգանքի տուրք մատուցելու անցյալին և հայտարարությունն անելու՝ ի լուր աշխարհի՝ հայ ժողովրդի ոգու տոկունության մասին:
«Սիրիայի հայկական Քեսսաբ բնակավայրում տեղի ունեցող վերջին իրադարձություններից բոլոր հայերը, և աշխարհի ազնիվ մարդիկ շատ անհանգստացած են: Իսկ Հայոց ցեղասպանության՝ 99 տարի շարունակվող ժխտողականությունն ընդգծում է, թե որքան կարևոր է այսօր Հայոց ցեղասպանության ճանաչումը: Թուրքիայի վարչապետ Էրդողանը աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ավելի հեշտ է ամեն ինչ քողարկել, քան դեմ առ դեմ կանգնել անցյալի հետևանքներին, ուստի սոցիալական ԶԼՄ-ները անհասանելի դարձնելով փորձում է ծածկել ճշմարտությունը»,- նշել է դերակատար Անդրյու Կզիրյան:
«1915 թ ապրիլի 24-ին մի ամբողջ ժողովուրդ ոչնչացվել է. Ցեղասպանություն, որը մինչ այսօր ժխտում են: Մենք ոչ միայն պայքարում ենք Ցեղասպանության ճանաչման, այլև՝ մեր մշակույթի և ժառանգության պահպանման համար: Մենք շարունակելու ենք մեր պայքարը` ցեղասպանության ճանաչման, փոխհատուցման հարցում»,- նշել է Ամերիկյան երիտասարդական հիմնադրամի հիշատակման հանձնաժողոբի տնօրեն Լորի Թաշչյանը: