23/04/2014 17:51
Աշոտ Սուքիասյանին կարտահանձնեն Հայաստան. Մնում է տեխնիկական մասը
Աշոտ Սուքիասյանին կարտահանձնեն: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության լրատվական վարչության պետ Շահեն Տոնոյանը:
Նրա խոսքով՝ սահմանված 7 օրվա ընթացքում Ա. Սուքիասյանը արտահանձնման վերաբերյալ որևէ այլ միջնորդություն չի ներկայացրել և Թբիլիսիի կենտրոնական դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ:
«Ըստ օրենքի՝ Վրաստանի արդարադատության նախարարի կողմից նրա արտահանձնման որոշումը ստորագրելուց հետո նրան կտեղափոխեն Հայաստան: Իրավական առումով նրա արտահանձնման հարցը կարելի է լուծված անվանել, մնում է տեխնիկական մասը»,-ասաց նա:
Շ. Տոնոյանը նշեց, որ Հայաստան տեղափոխվելուց հետո Ա. Սուքիասյանի նկատմամբ կընտրվի խափանման միջոց:
Նշենք, որ ապրիլի 15-ին Hetq.am-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի կենտրոնական դատարանը բավարարել էր Աշոտ Սուքիասյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը ՀՀ Ինտրեպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, համագործակցելով Վրաստանի իրավապահների հետ, հունվարի 31-ին Թբիլիսի քաղաքում հայտնաբերել և ձերբակալել է Աշոտ Սուքիասյանին:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում միջազգային հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի Թբիլիսիում ձերբակալվելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն:
Նախորդող հրապարակում՝ Փայլակ Հայրապետյան. Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը ինձ կուրախացնի