25/04/2014 17:26
Արսեն Խոջոյանը վերադարձից հետո ապրում է հարազատ գյուղում. Լուսանկարներ
Ապրիլի 10-ին ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած 22-ամյա Արսեն Խոջոյանն այսօր ապրում է հարազատ՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում:
Ասում է՝ դեռ չի էլ գիտակցում, որ տանն է՝ ընտանիքի ու 6 քույր-եղբայրների հետ.
Արսեն Խոջոյանը երկու քույրերի ու մոր հետ
«Չգիտեմ, հիմա տանն եմ, բայց այնտեղ եղած օրերը հիշողությունիցս էլ չեն գնա»,- ասում է Արսենն ու ավելացնում՝ մի քանի օրից սկսելու է աշխատանք փնտրել, որ օգնի բազմազավակ ընտանիքին:
Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան, նախընտրում է չխոսել որդու հետ տեղի ունեցածի մասին:
«Տղես ստեղ ա ու կարևորը դա է: Բայց դե մեր սոցիալական պայմանները տեսնում եք՝ էս ա»,- ասում է տիկին Սվետլանան ու շարունակում.
Արսեն Խոջոյանի կրտսեր քույրը
«Ես յոթ երեխա ունեմ, 4-ն անչափահաս են ու ոչ մի նպաստ չենք ստանում: Մինչև 2013թ.-ի հունիսը նպաստ ստանում էինք, հետո ինձ ստեղի Մշակույթի տանը աշխատանք տվեցին, ամիսը 22 հազար դրամով ու դա պատճառ բռնելով երեխեքիս նպաստը կտրեցին»,- պատմում է տիկին Սվետլանան ու ավելացնում, որ ամուսինն էլ սահմանամերձ գոտում տրակտոր քշելիս պայթել է ականի վրա ու ստացած վնասվածքները հիմա թույլ չեն տալիս, որ ֆիզիկական աշխատանք անի ու պահի ընտանիքը:
«Հազար տեղ եմ դիմել, բայց յոթ երեխայի նպաստը չեն վերականգնում: Արսենն էլ սենց պատմության մեջ ընկավ, հիմա տեսնենք, գոնե ինքն աշխատանք գտնի»,- ավարտում է տիկին Սվետլանան:
Նախորդող հրապարակումներ՝ Արսեն Խոջոյան. Ընենց տեղեր էր, որ չէի եղել, տարածքը շփոթել էի