25/04/2014 11:54
Ֆրանսիայի նախագահը խոստացել է 2015թ.-ի ապրիլի 24-ին լինել Երևանում
Ֆրանսիայի նախագահը Ֆրանսուա Օլանդը նախօրեին մասնակցել է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզում ֆրանսահայերի կողմից կազմակերպված հավաքին: Այս մասին գրում է rtl.fr-ը:
Հավաքի ընթացքում Ֆ. Օլանդը հայտարարել է, որ 2015թ.-ի ապրիլի 24-ին կայցելի Երևան՝ 100-ամյա տարելիցի օրը Հայաստանի կողքին լինելու համար:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հույս հայտնեց, որ, այնուամենայնիվ, կհաջողվի երկրում ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ:
«Ես հանձնարարել եմ կառավարությանն այդ օրինագծի նոր տեքստ մշակել, միայն թե անել դա զգուշությամբ, որպեսզի այն նորից չմերժվի ու գործիք չդառնա Ցեղասպանությունը ժխտողների ձեռքին»,- ասել է Օլանդը:
Անդրադառնալով ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ Ֆ. Օլանդն ասել է.
«Սա առաջընթաց է, բայց դա բավարար չէ»:
Նախորդող հրապարակում՝ Թուրքիայի վարչապետը՝ 1915 թ. դեպքերի մասին. Մենք ցավակցում ենք հայերին