25/04/2014 15:04
Գյումրու դեպոյի աշխատակիցներն առավոտյան գործադուլ էին հայտարարել
Այսօր առավոտյան Գյումրու երկաթուղային կայարանի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները երկժամյա գործադուլ անցկացրեցին: Դեպոյի աշխատակիցների խոսքով՝ արդեն մի քանի ամիս է, ինչ իրենց աշխատավարձն առանց որևէ պատճառաբանության նվազում է:
«Իրականում ինչ-որ չափով նվազել է ոչ թե նրանց աշխատավարձը, այլ՝ տրվող պարգևավճարները»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դավթյանը.
«Իրավիճակն այսպիսին է՝ աշխատակիցներն աշխատավարձից բացի ստանում են նաև պարգևավճարներ, որոնց չափը կախված է արվող բեռնափոխադրումներից: Հիմա, ցավոք, ունենք բեռնափոխադրումների նվազում, ինչը կապված է նաև սեզոնի հետ ու հենց այս պատճառով էլ պարգևավճարները նվազել են»,- ասաց Վահե Դավթյանն՝ ընդգծելով՝ աշխատավարձերի նվազման մասին խոսք չկա:
«ՀԿԵ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի խոսքով՝ դեպոյի՝ գործադուլ հայտարարած աշխատակիցների հետ արդեն զրուցել են ընկերության ղեկավարներն ու հարցը պարզաբանված է: