26/04/2014 16:23
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը պատրաստ կլինի հունիսի 30-ին
Սահմանադրության նոր տարբերակը պատրաստ կլինի հունիսի 30-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
«Մենք՝ հեղինակներս, կարծում ենք, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը պատրաստ է, սակայն հանրային լսումների իմաստը նրանում է, որ քաղաքական դիրքորոշումների և մասնագետների մոտեցումների շնորհիվ հայեցակարգի մասին ավելի առարկայական պատկերացում ունենանք և այն ավելի ավարտուն ու կատարյալ լինի»,-ասաց նա:
Գ. Դանիելյանի խոսքով՝ Սահմանադրական այս բարեփոխումները պետք է օգնեն առկա խնդիրների լուծմանը:
«Քաղաքական փորձը ցույց է տալիս, որ Սահմանադրական այս կամ այն բարեփոխումները անհաջող են լինում և վերանայվում են, եթե դրանք հաջորդում են քաղաքական ճգնաժամերին»,-ասաց նա, նշելով, որ թեև մեր երկրում էլ առկա են սոցիալական, տնտեսական խնդիրներ, սակայն այս բարեփոխումները միտված են դրանք լուծելուն և դրա անհրաժեշտությունը այժմ կա: