30/04/2014 11:18
Բյուրեղավանի դպրոցի ֆինանսական չարաշահումների առթիվ հարուցվել է քրգործ
Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում ֆինանսական չարաշահումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի (Յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել նաև այդ դպրոցի ուսուցիչների կողմից երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում էր.
«Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին: Կիսաբաց դռնից հետևելով պարապմունքին՝ Օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտներից մեկի մատներին և անվայել արտահայտություններով դիմում նրան: Երեխաները վախենում են տնօրինությունից և միմյանց հետ ունեցած ընդհարումների դեպքում չեն դիմում նրանց: Բայացահայտվել են նաև սննդի պահման պայմանների խախտումներ:
Այս ամենը բացահայտվել է Մարդու իրավունքների պաշտպանի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) կողմից, որը ստեղծվել է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դրսևորումները կանխելու նպատակով: Ի դեպ, նախորդ այցելությունների ընթացքում, Օմբուդսմենի ներկայացուցիչների կողմից հաստատության տնօրենին բազմաթիվ անգամ զգուշացվել է ժամկետանց սննդի չօգտագործման, սննդի պահման պայմանների ապահովման և այլ խնդիրների շտկման անհրաժեշտության մասին»:
Նախորդող հրապարակում՝ ՄԻՊ. Վայրի վերաբերմունք երեխաների նկատմամբ՝ Բյուրեղավանի գիշերօթիկում