01/05/2014 12:03
Ապրիլին 1.0 տոկոս գնաճ է արձանագրվել
2014թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.0% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի` 1.8-5.4% գնաճով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.3-5.4% գնաճ, 6-ում` 0.7-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 20.9%, իսկ 2014 թ. մարտի համեմատ` 5.4% գնաճ:
Վերջինս հիմնականում պայմանավորվել է լոլիկի` 6.4%, կանաչ սոխի` 9.2%, կանաչ պղպեղի` 10.5%, ճակնդեղի` 12.0%, գլուխ սոխի` 14.2%, սխտորի` 18.0%, կարտոֆիլի` 21.8%, բողկի` 29.9%, գազարի` 52.9%, կաղամբի` 67.6% գնաճով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է վարունգի` 27.1%, խառը կանաչեղենի` 18.5%, սմբուկի` 10.5%, սնկի` 0.8% գնանկում:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014 թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 2.3-17.0% գնաճ, իսկ մեկում` 2.2% գնանկում: