07/05/2014 12:40
Խոջայանների նպաստը կվերականգնվի. Վարչապետի արձագանքը՝ Aysor-ի հրապարակմանը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքելով Aysor.am կայքի հրապարակմանը, հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ուսումնասիրել խնդիրը և սեղմ ժամկետում պարզաբանում ներկայացնել Ադրբեջանից Հայաստան վերադարձված գերի Արսեն Խոջայանի ընտանիքի սոցիալական կարգավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը.
«ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջայանի ընտանիքը, բաղկացած ութ անձից, 2013 թվականի փետրվարին հաշվառվել (փաստագրվել) է ընտանիքների ապահովության գնահատմանհամակարգում (ԱԱ 220304), որի արդյունքում ընտանիքի ապահովության միավորը կազմել է 37,53, ընտանիքը ձեռք է բերել ընտանեկան նպաստի իրավունք և 2013 թվականի մարտից մինչև հունիսը ներառյալ ստացել է ընտանեկան նպաստ:
Սոցիալական ծառայությունների Բերդի տարածքային գործակալությունը 2013 թ. սեպտեմբրին պարզել է Սվետլանա Խոջայանի 2013 թ. հունիսի 4-ից աշխատելու հանգամանքը և ղեկավարվելով «Պետական նպաստների մասին» 2005 թ. հոկտեմբերի 4-ի ՀՕ-205-Ն օրենքի (չի գործում 2014 թ. հունվարից 1-ից) 25-րդ հոդվածով, ընտանիքի կողմից ոչ հավաստի տվյալ ներկայացնելու հիմքով, ընտանիքին զրկել է վեց ամսով նպաստ ստանալու իրավունքից: Ընտանիքը նպաստ չի ստացել 2013 թ. հուլիսից մինչև 2014 թ. ապրիլը ներառյալ, այդ ժամանակահատվածում ընտանիքի անապահովության միավորը կազմել է «0»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հանձնարարությամբ՝ 2014 թ. ապրիլի 30-ին սոցիալական ծառայությունների Բերդի տարածքային գործակալության պետը, համապատասխան մասնագետը և Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետը համատեղ կատարել են տնային այցելություն Արսեն Խոջայանի ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակն ուսումնասիրելու նպատակով:
Այցելության ընթացքում արձանագրվել է, որ ընտանիքը գտնվում է սոցիալ-տնտեսական ծանր վիճակում (բնակարանը զուրկ է կոմունալ կենցաղային պայմաններից, վերանորոգման կարիք ունի, ընտանիքի անդամներից 3-ն, այդ թվում Արսեն Խոջայանն, իր մայրը և իր անչափահաս քույրն ունեն առողջական խնդիրներ և գտնվում են հիվանդանոցում):
Ընտանիքին սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկելու նպատակով սոցիալական ծառայությունների Բերդի տարածքային գործակալությանը հանձնարարվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, սեղմ ժամկետում, Խոջայանի ընտանիքին հաշվառել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, վերականգնել ընտանիքի անապահովության միավորը:
Հիշեցնենք, որ վերջերս Aysor.am-ի թղթակիցը ևս այցելել էր Վերին Կարմիրաղբյուր և ականատես եղել Արսեն Խոջայանի ընտանիքի ծանր սոցիալական պայմաններին:
Նախորդող հրապարակում` Արսեն Խոջայանը վերադարձից հետո ապրում է հարազատ գյուղում. Լուսանկարներ