07/05/2014 14:32
Այս տարի սպասվում է 8000 տոննա ծիրան
Գարնանային ցարտահարությունների հետևանքով Հայաստանում այս տարի ծիրանի բերքը կանխատեսվում է 6-8000 տոննա, երբ 2013թ-ին այն կազմել էր 88 հազար տոննայից ավելի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ցրտահարությունից տուժած ֆերմերների աջակցության վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Ըստ նրա՝ ֆերմերներին տրվել է սերմացու շուրջ 84 999 400 չափով, առաջարկվելու է լոլիկի, վարունգի, ձմերուկի, սեխի սերմեր ու սածիլներ: Ֆերմերներին նաև տրվելու է աջակցություն դիզվառելիքի, պարարատնյութի տեսքով, որը սակայն արդեն իսկ նախատեսված էր կառավարության որոշմամբ:
Բացի սերմերի տեսքով աջակցությունից, Գ. Պետրոսյանի փոխանցմամբ, ֆերմերին հողի և ջրի վարձերի զիջումներ են արվելու: Իսկ թե ում և որքանով է հողի և ջրի վարձը փոխհատուցվելու, կամ ում է տրվելու սերմացուն և այլ աջակցությունը, այս ամենը պետք է տեսանելի վայրում հասանելի լինի յուրաքանչյուր համայնքի յուրաքանչյուր բնակչի` խուսափելու համար չարաշահումներից, իսկ աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ չկիրառող համայնքների նկատմամբ կլինեն պատասխանատվության միջոցներ:
Նախնական հաշվարկներով՝ ընդհանուր վնասը կազմում է շուրջ 11 միլիարդ 181 միլիոն դրամ: