07/05/2014 13:28
«Հին Էրիվանի» տերը մեղադրում է սուտ մատնության մեջ
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա. Բեկշաթյանի նախագահությամբ կայացավ «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի բողոքի գործով դատական նիստը, որով գործարարը պահանջում է քրեական գործ հարուցել՝ ընդդեմ «Յունիբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Վ. Աթայանի, ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը):
Այսօր գործում ներգրավվեց Վ. Աթայանի ներկայացուցիչ Ռիչարդ Կիրակոսյանը, ով միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ գործի նյութերին ծանոթանալու համար:
Մ. Տեր-Առաքելյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ասաց, որ նյութերը 11 էջ են և դրանք գործին վերաբերվող փաստաթղթերն են և միջնորդությունը, որը փաստաբանին ծանոթ կլինի, սակայն վերջինս պնդեց, որ իրեն ժամանակ է անհրաժեշտ գործի նյութերին ծանոթանալու համար:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 21-ին:
Լրագրողների հետ զրույցում Հ. Ալումյանը ասաց, որ ներկայացված փաստաթղթերն էին՝ հաղորդումը հանցագործության մասին, որը անհետևանք է թողնվել, 2011 թ. առաջին ատյանի դատարանի որոշումը, Վերաքննիչ ատյանի որոշումը և Մ. Տեր-Առաքելյանի նախկին բողոքը ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանապետին:
«Ժամանակին «Յունիբանկի» տնօրենը դիմել է ոստիկանության 6-րդ վարչություն, հայտնելով, որ Մ. Առաքելյանի կողմից ներկայացված պայմանագրերից մեկը իրականում կեղծ է և պնդում էր, որ այդպիսի պայմանագիր չի ստորագրվել բանկի կողմից: Հետագայում փորձաքննություններ են նշանակվել և պարզվել է, որ այդ փաստաթուղթը կեղծ չի: Մ. Տեր-Առաքելյանը ինքը բողոք է ներկայացրել դատախազություն, որ սուտ մատնության համար քրգործ հարուցվի, բայց ոչ մի որոշում չէր կայացվել, սակայն դատավարական օրենսգիրքը նախատեսում է , որ կամ պետք է հարուցվի, կամ որոշում կայացվի չհարուցելու մասին, դատարաններն էլ գտան, որ ճիշտ է եղել, որ չի հարուցվել: Մ. Տեր-Առաքելյանը որոշեց, որ պետք է ներկայացնել հանցագործության մասին հաղորդում և որոշում կայացվեց քրգործ չհարուցելու մասին»,-ասաց նա:
Հ. Ալումյանի խոսքով՝ այժմ այս գործով 3 հայց է քննվում դատարանում, սակայն իրենք սրանով չեն սահմանափակվելու և «գործը դեռևս կծավալվի»:
Հիշեցնենք, որ նախորդ նիստը (ապրիլի 23-ին) հետաձգվել էր լրացուցիչ նյութեր դատարան ներկայացնելու պատճառով:
Նախորդող հրապարակում՝ «Հին Էրիվանի» սեփականատեր. Ես սպառնալիքներով նամակ եմ ստացել
Յունիբանկը «Հին Էրիվանի» սեփականատիրոջը կոչ է անում մարել վարկը