08/05/2014 09:26
Շառլ Ազնավուրի երևանյան համերգի տոմսերը սպառված են
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երևանյան համերգը, որը նախատեսված է մայիսի 12-ին, կայանալու է Կարեն Դեմիրճյանի ավան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Բոլոր տոմսերը, սակայն, արդեն սպառված են:
Դրանք պատվիրելու համար տրամադրվող հեռախոսահամարով «Հայկական ժամանակի» թղթակցի զանգին պատասխանող տղամարդն ասել է, որ տոմսերը արժեցել են 10-50 հազար դրամ, իսկ մի քանիսը` 60 հազար, որոնք ամբողջությամբ սպառվել են ընդամենը երեք օրում: Իսկ դահլիճը, որտեղ կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը, շուրջ 2 հազար 200 տեղանոց է:
Հավելենք նաև, որ մայիս ամսից մինչև նոյեմբեր շանսոնյեն մի քանի համերգներով հանդես է գալու աշխարհի տարբեր քաղաքներում: Իր ծննդյան օրը ևս նա համերգ է տալու, որը նախատեսված է Գերմանիայում` Բեռլինի 02 World մարզադաշտում: Այս տարի` մայիսի 22-ին, լրանալու է Ազնավուրի 90-ամյակը: