08/05/2014 16:04
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատախազը 18 տարի ազատազրկում պահանջեց
Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող Արթուր Զաքարյանը հանդես եկավ մեղադրական ճառով՝ պահանջելով սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի համար 18 տարվա ազատազրկում:
Դ. Խաչատրյանը, ի պատասխան սրան, ասաց, որ ինքը իրեն մեղավոր չի ճանաչում և իրեն դատում են չարածի համար:
«Դատաքննության ընթացքում բազմաթիվ ապացույցներ են բերվել, որոնք դուք անտեսում եք: Այս պահից ես հացադուլ եմ հայտարարում»,-ասաց նա:
Դատախազի պահանջած պատժաչափին դեմ էին նաև Լյուքս Ստեփանյանի հարազատները, որոնք պահանջում են Դ. Խաչատրյանի համար ցմահ ազատազրկում: Լ. Ստեփանյանի մայրը դահլիճից բղավեց, որ ցմահ պետք է տան Դ. Խաչատրյանին, քանի որ ինքը մի անգամ ներողություն չի խնդրել իր արածի համար, հիմա էլ պնդում է, որ անմեղ է:
Նրանք դատարանի բակում բերել էին նաև «Լյուքս Ստեփանյանին սպանողը համարվում է թուրք» գրությամբ պաստառ:
Դ. Խաչատրյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին պատրաստվելու համար և գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 30-ին:
Հիշեցնենք, որ ըստ Դ. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով ՀՀ Պն թիվ 27229 զորամասի զինծառայող, 2013թ. մայիսի 15-ին ընդգրկված լինելով զորամասի պահակախմբի վերակարգում և ժամը 15:00-ից 15:30-ը ծառայություն իրականացնելով պահակակետի մուտքի դռան մոտ` որպես ժամապահ, պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում գտնվող հանգստացող հերթափոխի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան բացել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակ իռեժիմի վրա, ինքնաձիքի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ, ապա Լյուքս Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից ամիջապես հետո, երեք այլ զինծառայողների հետ ոչ մեծ բացօթյա տաղավարում գտնվող Լյուքս Ստեփանյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` անտեսելով այլ, տվյալ դեպքում իր երեք համածառայողների կյանքին սպառնացող ռեալ վտանգը, մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել է նրա առողջությանը:
Նախորդող հրապարակում՝ Լյուքս Ստեփանյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել դատարանում
Լյուքս Ստեփանյանի հարազատները սպառնացել են փակել Սևանի ճանապարհը