10/05/2014 09:10
ՀԿ-ները «աչքի լույս չեն», բայց դրանց իրավունքները սահմանափակել չի կարելի
Անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի վերջին հայտարարությանը, «Առավոտի» խմբագիրը գրել է. «Մի կողմ դնենք այն հարցը՝ իրավունք ունի՞ արդյոք տվյալ երկրում հավատարմագրված դեսպանը խորհուրդ տալ, որ այդ երկրում ընդունվի այս կամ այն օրենքը: Արդարության համար նշենք, որ պարոն Վոլինկինի գործընկեր Ջոն Հեֆերնը նույնպես, ինձ թվում է, չափից դուրս մեծ շահագրգռվածություն էր դրսևորում «կուտակայինի» մասին օրենքում: Տվյալ դեպքում ավելի կարևոր է հետևյալը. մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ուզո՞ւմ ենք, որ մեզանում Ռուսաստանի օրինակով գործի ՀԿ-ների իրավունքները սահմանափակող օրենք:
Միանգամից ասեմ, որ մեր քաղաքացիների 90 տոկոսին այդ հարցը չի հետաքրքրում, մեծամասնությունը պարզապես ուզում է լավ ապրել: 5 տոկոսը, որոնց կարելի է պայմանականորեն անվանել «մաքսային ակտիվ», դրան կողմ է. նրանք նախ՝ ողջունում են ազատության ցանկացած սահմանափակում, երկրորդ՝ ամեն տեղ տեսնում են «Արևմուտքի դավադրություն»: 5 տոկոսն էլ դրան դեմ է, այդ թվում՝ նաև ես, քանի որ, կարծում եմ, որ նման օրենքներն իրականում պաշտպանում են իշխանություններին, ոչ թե պետությանը: Ավելացնեմ նաև, որ դեսպան Վոլինկինի չհավանած ՀԿ-ները իմ աչքի լույսը չեն: Նրանք իսկապես հաճախ ընկնում են ծայրահեղությունների մեջ՝ երբեմն անտեսելով փաստերը, աշխատում են «կեղտ բռնել»: Բայց դա մեր պետությանը վնաս չի: Իսկ նրանց գործունեությունը սահմանափակելը վնաս է»: