12/05/2014 18:22
«Յունիբանկը» պատրաստ է վճարել «Հին Էրիվանի» աշխատակիցների պահանջած գումարը
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ կայացավ է «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով դատական նիստը: «Յունիբանկի» ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը ներկայացրեց բանկի պահանջները՝ խնդրելով դատարանին բանկն ընդգրկել պարտատերերի ցուցակում, քանի որ 2 վարկային ծրագրերով «Հին Էրիվանը» բանկին պարտք է 3,103,867,029.42 ՀՀ դրամ:
Նշենք, որ «ՀԻն Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել դատարան՝ ընկերության դեմ պահանջ ներկայացրած 15 պարտատերերի, այդ թվում՝ «Յունիբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 3,103,867,029.42 ՀՀ դրամ պահանջի օրինականության, հիմնավորվածության, չափի և ապահովվածության վերաբերյալ:
Հ. Հարությունյանը հայտարարեց, որ ինքը պարզել է, որ «Հին Էրիվանի» ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը չի կարող ՍՊԸ-ի օրինական ներկայացուցիչ համարվել, քանի որ նրա անունով ստորագրված լիազորագիր չկա և դատավորը փաստեց, որ ընկերության տնօրենի կողմից տրամադրված լիազորագիր չկա, և նա չի կարող մասնակցել դատավարությանը մինչև լիազորագիր ներկայացնելը:
«Հին Էրիվանի» մյուս ներկայացուցիչը` Դավիթ Դանիելյանը, միջնորդեց գործում որպես 3-րդ անձ ներգրավել ընկերության սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին, սակայն դատավորը մերժեց միջնորդությունը այն պատճառաբանությամբ, որ վերջինս արդեն ներգրավված է գործում:
«Յունիբանկի» ներկայացուցիչը նաև ասաց, որ նախորդ դատական նիստի ավարտից հետո իրեն մի կին է մոտեցել, ով դատավորի օգնական է ներկայացել և 5 րոպեով խնդրել փաստաթղթերը, սակայն ինքը չի տվել դրանք այն մտավախությամբ, որ դրանք կարող են պակասել կամ ավելանալ:
Սրան ի պատասխան դատավորը առարկեց, որ դա եղել է տեխնիկական անճշտություն և հիմք չէ դատարանին կասկածելու համար, բացի այդ, նա ասաց, որ դատարանի մոտ այն տպավորությունն է, որ բուն խնդիրը թողած ինչ-որ բաների հետևից են ընկել:
Բանկի ներկայացուցուցիչ Հայկ Հարությունյանը նաև հայտարարեց, որ բանկը պատրաստ է վճարել «Հին Էրիվանի» աշխատակիցների պահանջած գումարները, եթե նրանք համաձայնվեն, ինչին ի պատասխան դատավորը ասաց, որ դրա համար բանկը պետք է գրավոր դիմի պարտատերերին: Դատավորը նաև հնարավորություն տվեց «Յունիբանկին» ներկայացնել իրենց պահաջները:
Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 23-ին:
Նախորդող հրապարակում՝ Յունիբանկը «Հին Էրիվանի» սեփականատիրոջը կոչ է անում մարել վարկը
«Հին Էրիվանի» տերը մեղադրում է սուտ մատնության մեջ
«Հին Էրիվանի» սեփականատեր. Ես սպառնալիքներով նամակ եմ ստացել