12/05/2014 19:42
Հայ-ֆրանսիական տնտեսական կապեր. Դեռ շատ ճանապարհ կա անցնելու
Եվրամիության ներդրումների կեսը Հայաստանում կատարել է Ֆրանսիան: Այսօր հայ-ֆրանսիական համաժողովի ժամանակ այս մասին ասաց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆարնսուա Օլանդը՝ միաժամանակ նշելով, որ ֆրանսիական կողմը ներդրումներ է կատարել հանքարդյունաբերության, կապի, տրանսպորտի, մատակարարման ոլորտներում:
Ֆրանսիայի նախագահը նշեց, որ շատ է խոսվում հայ-ֆրանսիական հարաբերությունների, իրականացվող միջոցառումների, Ֆրանսիայում բնակվող շուրջ 500 000 հայ, սակայն երբ այս ամենը համեմատում ենք տնտեսական արդյունքների հետ, ապա երևում է, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու:
Ֆ. Օլանդը փոխանցեց, որ ֆրանսիական կողմը նախ պետք է ճանաչի հայաստանյան պայմանները, որի գլխավոր դերակատարը պետք է լինի դեսպանատունը, կարևոր է նաև արագ տեղեկությունների փոխանակումը: Ըստ Օլանդի՝ ֆրանսիացիները կարող են իրենց փորձն ու գիտելիքները փոխանցել հայ գործարարներին, նաև՝ ապրանքներ ու տեխնոլոգիաներ բերել Հայաստան:
Ֆրանսուա Օլանդը նաև ասաց, որ Ֆրանսիական զարգացման գործակալությունից խնդրել է, որ ներդրումներ կատարեն Հայաստանի ենթակառուցվածքների մեջ, ոռոգման և մի շարք այլ ոլորտներում. Շուտով այս ուղղությամբ մի քանի պայմանագրեր կստորագրվեն:
Ֆրանսիայի նախագահն անդրադարձավ նաև «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը, նշեց, որ «Կարֆուրի» բացմամբ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության նոր սկիզբ կդրվի. ««Վաղն արդեն «Կարֆուրի» առաջին խանութի բացման առիթով կտեսնեք, որ այն հնարավորություն կտա Հայաստանին միջազգային առևտրային ցանցի մեջ մտնելու: Ցանկանում ենք, որ այս առաջին ներդրումը ուրիշներին էլ օժանդակի, քաջալերի: Պետք է բոլոր ձևերով հեշտացնենք ներդրումների գործընթացը»,- ասաց նա: