12/05/2014 18:30
Հայ-ֆրանսիական գործարար հանձնաժողովը մեկնարկել է. «Կարևորը վստահությունն է»
Այսօր մեկնարկեց հայ-ֆրանսիական գործարար հանձնաժողովը, որին ներկա էին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը:
Ողջույնի խոսքով հայ և ֆրանսիացի գործարարներին դիմեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Նախագահ Օլանդի այցը Հայաստան նշանավորվում է գործարար համաժողովի անցկացմամբ: Պատահական չէ, որ այս համաժողովով է տրվում Ֆրանսիայի նախագահի պետական այցի մեկնարկը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Հայ-ֆրանսիական հարաբերություններում, Նախագահի խոսքով, կարևոր նշանակություն ունի երկկողմ տնտեսական բաղադրիչը, և իրենք վճռական են այս ոլորտը համապատասխանեցնել երկու երկրների քաղաքական հարաբերությունների մակարդակին:
Դիմելով ներկա գործարարներին` ՀՀ Նախագահն ասաց, որ կարևորը վստահությունն է գործընկերային հարաբերություններում:
Նա նաև հիշեցրեց, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները երկար ճանապարհ են անցել` նկատելով, որ 13-14-րդ դարերում Կիլիկյան Հայաստանում հայ արքաներն արտոնություններ են տվել ֆրանսիացի վաճառականներին, իսկ ավելի ուշ շրջանում` կարդինալ Ռիշելիեն հատուկ արտոնություն է տվել հայ առևտրականներին: Բացի այս, երկրի ղեկավարը հիշեցրեց, որ Փարիզում և Մարսելում առաջին սրճարաններնը բացել են հայերը:
Նշենք, որ հայ-ֆրանսիական երկօրյա համաժողովին Ֆրանսիայից մասնակցում է 40, իսկ Հայաստանից` 170 ընկերություն:
2013-ին Հայաստանի և Ֆրանսիայի ապրանքաշրջանառությունը կազմել է 26.1 մլն ԱՄՆ դոլար, արտահանումը` 4.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 21.8 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ-ում Ֆրանսիայի ներդրումները 2013-ին կազմել են 99.1 մլն ԱՄՆ դոլար:
Նախորդող հրապարակում` Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը