12/05/2014 09:30
Սեյրան Օհանյանը մեկնել է Իջևան ու այցելել զինվորի մահվան դեպքի վայր
Մայիսի 1-ին ՊՆ N զորամասում գրանցված միջադեպի կապակցությամբ նախօրեին վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Իջևան, այցելել դեպքի վայր: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության Իջևանի տարածքային բաժնում ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության պետերի, զորամիավորման և զորամասի հրամանատարների, բարձրաստիճան այլ զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Նախարարին են ներկայացվել գործի հետ կապված նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասները:
Գործի քննության` մասնավորապես ծառայողական քննության ողջ ընթացքը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերցրել է իր անմիջական հսկողության տակ և հանձնարարել պարբերաբար զեկուցել դրանց առնչվող բոլոր տեղեկությունները: Նախարարը հանձնարարել է անել հնարավորը ճշմարտություն արագ բացահայտելու և մեղավորներին գտնելու համար:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:
Նախորդող հրապարակում` Իջևանում զոհված զինվորը վիրավորվել է մարտական հենակետում