13/05/2014 12:04
Սերժ Սարգսյան. ՄՄ-ն թույլ է տալիս մրցունակ գներով էներգակիրներ ներկրել
Հայ-ռուսական ջերմ հարաբերությունների հիմքը դարավոր բարեկամությունն է: Այս մասին այսօր Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ֆրանսիացի լրագրողներից մեկի հարցին՝ թե ինչո՞ւ Հայաստանը, որոշեց միանալ Մաքսային Միությանը.
«Մենք շատ երկար ժամանակ ապրել ենք մի պետության մեջ, կապված ենք մշակույթով ու տնտեսությամբ, և սա է մեր հարաբերությունների հիմքը: Կարծում եմ՝ որևէ մեկի համար տարօրինակ չէր Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու որոշումը: Ռուսաստանի հետ մենք ունենք բարեկամության երկկողմ պայմանագիր ու դրան գումարած Մաքսային Միությունը որոշակի առավելություն է տալիս անդամ երկրներին, օրինակ՝ թույլ է տալիս Հայաստան մրցունակ գներով էներգակիրներ ներկրել»,- ասաց Սերժ Սարգսյանն՝ ընդգծելով՝ սա չի նշանակում, որ Հայաստանը դադարեցնում է հարաբերությունները Եվրամիության հետ:
«Մենք շարունակելու ենք Եվրամիության հետ մեր հարաբերությունների խորացումը»,- ասաց ՀՀ Նախագահը:
Ֆրանսուա Օլանդն իր հերթին նկատեց, որ Հայաստանն աշխարհաքաղաքական յուրահատուկ պայմանների մեջ.
«Այս պատճառով է, որ Հայաստանը որոշեց իր կապերը շարունակել Ռուսաստանի հետ: Ես այստեղ դատապարտելու համար չեմ եկել, եկել եմ որ հասկանամ նման որոշում կայացնելու դրդապատճառները: Շատ եմ ցանկանում, որ Հայաստանը շարունակի խորացնել իր կապերը Եվրամիության հետ, բայց, իհարկե, չեմ ուզում պարտավորեցնել Հայասատանին, որ իր կապերը խզի Ռուսաստանի հետ»,- ասաց Ֆրանսուա Օլանդը: