15/05/2014 12:15
Հոսպիտալի բուժծառայության կապիտան Սուսաննա Եգանյանը կալանավորվել է
ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի բժիշկ օրդինատոր, բուժծառայության կապիտան Սուսաննա Լևոնի Եգանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` (Խոշոր չափերով կաշառք ստանալը): Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Ս. Եգանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս գործի շրջանակներում որևէ այլ անձի դեռևս մեղադրանք չի առաջադրվել:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ՌՈ օպերատիվ ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2014թ. մարտի 24-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Ա.-ն, ներկայանալով որպես Մխիթար Հերացու անվան բժշկական կենտրոնի կարդիոլոգիայի բաժանմունքի պետ, քաղաքացի Մ.Գ.-ից պահանջել և ստացել է ընդհանուր 480.000 դրամ` վերջինիս որդուն` պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Վ-ին, մինչև զորացրման ժամկետի ավարտը` 2014թ. հունիսի 5-ը, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում պահելու համար:
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քր.օր 178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հարուցվել էր քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Նախորդող հրապարակում՝ Զինվորին հոսպիտալում պահելու համար պահանջել են 480 հազար դրամ