16/05/2014 14:03
ՏՄՊՊՀ-ն «ՀԷՑ»-ին տուգանեց 20 մլն դրամով
Մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի բնակիչները դիմել են ՏՄՊՊՀ-ին, տեղեկացնելով, որ վերոնշյալ հասցեում գտնվող նորակառույց շենքի շինարարական աշխատանքները ամբողջությամբ ավարտվել են դեռևս 4 տարի առաջ և շենքը հանձնվել է շահագործման: Սակայն, էլեկտրաէներգիա չունենալու պատճառով չեն կարողանում բնակություն հաստատել իրենց սեփական բնակարաններում: Նրանք դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, սակայն ընկերության կողմից խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել:
Հետևապես, Հանձնաժողովի դիտարկմամբ, վերջինը իրավասու չէ կամայական սկզբունքներով որոշելու բնակիչներին էլեկտրաէներգիա տրամադրելու կամ չտրամադրելու հարցը: Հանձնաժողովի պահանջով «ՀԷՑ»-ը ներկայացրել է պարզաբանումներ խնդրի վերաբերյալ` նշելով, որ իրենք պայմանագիր կարող են կնքել ոչ թե բնակիչների, այլ շենքի կառուցապատողի` «Միլլար» ՍՊԸ-ի հետ: Ըստ «ՀԷՑ»-ի՝ վերջինիս հետ արդեն իսկ կնքվել է պայմանագիր, սակայն ՍՊԸ-ի կողմից որոշակի պարտավորությունների չկատարման պատճառով` գործն ավարտին չի հասել: Մասնավորապես, «ՀԷՑ»-ի գրավոր պարզաբանման մեջ նշված է, որ կառուցապատողը իրենց հանդեպ ունի չկատարված ֆինանսական պարտավորություններ` շուրջ 15 մլն դրամի:
Բնակիչներից մեկը նշեց, որ իրենք բնակարանը գնել են բանկից, բոլոր փաստաթղթերը նորմալ են եղել, որևէ խնդիր չի եղել, սակայն հետագայում պարզվել է, որ էներգամատակարարում չունեն:
«ՀԷՑ»-ից բնակիչներին՝ որպես այլընտրանք, առաջարկել են իրենք վճարեն էլեկտրաէներգիայի մատակարարման համար. Նախ յուրաքանչյուրից պահանջել են 250 հազար դրամ գումար, հետո 138 հազար, սակայն բնակիչների փոխանցմամբ, ոչ բոլոր բնակիչներ են շենքում բնակվում, մի մասը սփյուռքահայեր են ու դռների վրա գրված է, որ բնակարնները վաճառվում են. բնակիչները որևէ կերպ չեն կարող այդ գումարը հավաքել:
Բնակիչներին զարմացնում է այն փաստը, որ ՀԷՑ-ը պայմանագիր է ստորագրել, առանց «Միլլար» ընկերության կողմից համապաստախան վճարի, անգամ կանխվճար չեն վերցրել ենթակայան կառուցելու և այլ աշխատանքների համար: Բնակիչները ենթադրում են, որ ներքին համաձայնություն է եղել «ՀԷՑ»-ի և «Միլլարի» միջև, որ հետագայում բնակիչներից գանձեն գումարները: Նման դեպքեր, ըստ նրանց՝ արդեն որոշ շենքերում տեղի են ունեցել և բնակիչներն են վճարել` կառուցապատողի պարատվորությունների փոխարեն:
Նշենք, որ բնակիչների` ՏՄՊՊՀ դիմելուց հետո, ՀԷՑ-ը դատարան է դիմել` առգրավվելու գումար, իսկ երեք տարի «Հայկական էլեկտրացանցերը» ոչինչ չէր ձեռնարկում իր 15 մլն դրամը «Միլլարից» ստանալու համար:
ՏՄՄՊՀ-ն «ՀԷՑ»-ին տուգանեց 20 մլն դրամի չափով և պարտավորեցրեց 7-օրյա ժամկետում բնակիչների հետ կնքել էլեկտրամատակարարման պայմանագիր: