20/05/2014 10:34
Մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի
19 350 000 000.0 դրամ մեկնարկային գնով աճուրդ է հանվել մարզահամերգային համալիրը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր ծառայության harkadir.ajurd.am կայքից: Աճուրդը սկսվել է մայիսի 19-ից ավարտվելու է մայիսի 29-ին, կայքում դեռևս առաջարկներ չեն տեղադրված:
Կայքում տրված է նաև մարզահամերգային համալիրի նկարագրությունը, ըստ որի, այն յոթ հարկանի է, ունի նկուղ, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ծածկը՝ մետաղական, պատուհանների շրջանակները՝ մետաղյա, մուտքի դուռը՝ մետաղյա, եվրոպական արտադրության, ներսի դռները՝ փայտյա, հատակը՝ մարմարե և գրանիտե սալեր, վարչական հատվածը՝ մանրահատակ, քարե սալեր, սանհանգույցի հատակը և պատերը՝ սալիկապատ, գազաֆիկացված է, առկա է կոյուղի, հեռախոսակապ, խմելու ջուր, մարզամշակույթային կենտրոնը ապահոված է վերելակներով և օդափոխման համակարգով:
Մարզահամալիրի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներն իրականացվել են 2005-2008թթ ընկած ժամանակահատվածում, արդյունքում կառուցվել են նոր ժամանակակից կաթսայատուն, ներդրվել են հակահրդեհային, ջեռուցման, անվտանգության և կապի համակարգեր, վերակառուցվել է սահադաշտը: Գլխավոր մուտքի վերին հատվածում ամբողջ երկարությամբ արտաքին պատերին առկա են քանդակներ: Գորելյեֆը պատրաստված է Լենինականի տուֆից, թեման՝ «Հայաստանը և մեր երկրի վերածնունդն է», քանդակի բարձրությունը 6 մետր է, երկարությունը՝ 60 մետր:
Կառույցի շրջակա տարածքը ամբողջությամբ բարեկարգված է, ամբողջ երկարությամբ՝ կառույցին զուգահեռ մեկ ընդ մեջ առկա են հասարակական օգտագործման համար նստարաններ, մետաղական աղբարկղեր, ինչպես նաև շրջակա ամբողջ տարածքը ապահոված է լուսամփոփներով, ճանապարհը ասֆալտապատված է, ազատ տարածքում առկա են քարե սալիկներ, ճանապարհը եզրագծված է բազրիքներով, առկա են նաև գեղեցիկ լուծումներով կանաչապատ տարածքներ: Ընդհանուր մակերեսը՝ 46335.7քմ: Առկա են օժանդակ շինություններ՝ 50քմ և 40քմ, ջրավազաններ, աստիճան՝ 2800քմ, ջրավազան՝ 3851.3քմ: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 95595.87քմ: Հանդիսանում է գրավի առարկա: